Գյուղատնտեսության ոլորտում գենոմային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները
Կրթություն, գիտություն
19:04 16/05/2022
Հայաստան

Գյուղատնտեսության ոլորտում գենոմային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Գենոմային տեխնոլոգիաների դերը՝ որպես ժամանակակից ագրոարդյունաբերությունն առաջ մղող ուժ» թեմայով կլոր սեղան՝ նվիրված գենոմային տեխնոլոգիաների կիրառմանը գյուղատնտեսության ոլորտում՝ որպես բիզնեսի զարգացման գործիք: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ԱՄՆ-ում գործող գեների հաջորդականության «Illumina» ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունը:

«Illumina» ընկերությունը մշակում և արտադրում է սարքավորումներ, ռեագենտներ և ապահովում է գենոմային տվյալների պահպանման ու վերլուծության կենսաինֆորմատիկական լուծումներ կենսաբժշկության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։ Ընկերության մասնաբաժինը բարձր արդյունավետ սեքվենատորների և կենսաչիպերի արտադրության շուկայում կազմում է 95%:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն  Հարությունյանը նշել է. «Չնայած նրան, որ գենոմային տեխնոլոգիաներն արդեն իսկ բավականին տարածված են Հայաստանում, մեր գիտնականները հետաքրքրված են նորագույն տեխնիկական հնարավորությունների ներդրմամբ։ Ագրոգենոմիկայի զարգացումն առաջին հերթին պետք է հիմնվի Հայաստանի բնության յուրահատուկ կենսաբազմազանության վրա, որը հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի տասնյակ երկրների բնագետների համար։ Միաժամանակ, գենոմային տեխնոլոգիաների ներդրումն անկասկած կնպաստի հազարամյակների ընթացքում ձևավորված յուրահատուկ գենոմային համալիրների կիրառմանը միջազգային հետաքրքրություն ներկայացնող սելեկցիոն աշխատանքներում»:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հանդես է եկել «Գենոմիկա և կենսաինֆորմատիկա. մեծ տվյալներից դեպի հիմնարար գիտելիքներ և նորարարական մշակումներ» գիտական զեկույցով: Նա ցույց  է տվել կենսաինֆորմատիկայի ոլորտում Հայաստանի գիտնականների ձեռքբերումները և ներկայացրեց այն հնարավորությունները, որոնք կընձեռի նորագույն սարքավորումների կիրառումը։

«Աշխարհում կտրուկ զարգանում է ագրոգենոմիկայի բնագավառը: Այն լայն հնարավորություններ կստեղծի և՛ հիմնարար գիտության համար, և՛ գյուղատնտեսության ու սննդային անվտանգության ոլորտներում աշխատող ընկերությունների բիզնեսի բարելավման համար», - ասել է նա:

Ավելի մանրամասն ՝ սկզբնաղբյուրում։

 

 

Placeholder