Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ
Իրավունք
11:32 18/05/2022
Հայաստան

Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ

Այսօր ժամը 10։45-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել խաղաղ ակցիաների 277 մասնակիցներ։ Panorama.am-ին նման տվյալ փոխանցեցին ոստիկանությունից։

Ըստ ոստիկանության, նրանք բաժիններ են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով։

ՎԻՎ հոդված 182-ը սահմանում է.

«Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը երեկ ռեկորդ էր սահմանել բաժիններ բերման ենթարկվածների թվով։ Մինչև կեսօր բերման էր ենթարկվել 414 քաղաքացի։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը համեմատել էր 2018-ի իրադարձությունների հետ.  «Պաշտոնական տվյալներով այսօր (մայիսի 17-ին-խմբ) ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 414 ցուցարար։ 2018թ. «հեղափոխության» օրերին ամենամեծ թվով բերման ենթարկվածներ եղել են ապրիլի 22-ին՝ 363 անձ»։

Դատելով այսօր  ոստիկանների՝ բերման ենթարկելու ինտենսիվ գործողություններից, հնարավոր է՝ ռեկորդն այսօր գերազանցվի։

Placeholder
Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ