Դիմորդ չկա Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքների՝ շվիի, սրնգի, տավղի բաժիններում. Կարո Նասիբյան
Կրթություն, գիտություն
16:02 19/05/2022
Հայաստան

Դիմորդ չկա Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքների՝ շվիի, սրնգի, տավղի բաժիններում. Կարո Նասիբյան

«Նոր կարգով ԲՈւՀ-երի ընդունելության միասնական  քննությունները լինելու են երկու անգամ: Նախկինում ունեինք երեք առարկայից քննություն, այսօր ավելի շատ գերիշխում է մեկ առարկայի քննությունով ընդունվելը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նրա խոսքով՝ երբ պարզվել է, որ կարելի է երկու անգամ ընդունելության քննություն հանձնել, դիմորդների թիվն ավելացել է:

«Այս տարի դիմորդների թիվը  13,573 է, որի մեջ ներառվում են նաև ներբուհական քննություններ հանձնողները: Նախորդ տարի դիմորդները եղել են 13,120-ը»,-հայտնեց Նասիբյանը և բացատրեց, որ ներբուհական քննություններ իրականացվում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերում, որոնք իրենք են կազմակերպում քննություններն ոչ թե միասնական են անցկացնում:

Տեղեկացնելով, որ մայիսի 10-ին է ավարտվել է դիմորդների հայտագրումը՝ Կարո Նասիբյանը հայտնեց, որ ամենաշատ դիմորդները «Անգլերեն» առարկայից են:

«5,587 դիմորդ է դիմել այս առարկայից քննությունն հանձնելու համար: Երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5,429, երրորդում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկան է՝ 5,253 դիմորդով»,-ասաց բանախոսը:

Նրա խոսքով՝ գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները այս տարի շրջել են բոլոր մարզերում, 12-րդ դասարան ունեցող դպրոցների տնօրեններին մանրամասն բացատրել են նոր կարգը, բայց եղել են դիմորդներ, որոնք նախանշված ժամկետում չեն հայտագրվել:

Ըստ Կարո Նասիբյանի՝ դիմելու ժամկետը խախտածների թիվը մեծ չէ, նրանք դիմել են ԿԳՄՍ նախարարին և քննարկման ընթացքում որոշում կկայացվի այդ դիմորդների վերաբերյալ:

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը «Անգլերեն» առարկայից քննություն հանձնող դիմորդների մեծ թիվը բացատրեց  նրանով, որ չնչին բացառությամբ «Անգլերեն» առարկայից քննության պահանջը կա գրեթե բոլոր մասնագիտություններում, դրան նպաստում է նաև այն, որ սովորաբար «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողներն ավելի բարձր միավորներ են ստանում:


Նրա ներկայացմամբ՝ ամենապահանջված մասնագիտությունների առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործն է, երկրորդում՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում, չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտություն, հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ մասնագիտություններն են:

Հայտնելով, որ 160 մասնագիտություններով ընդհանրապես դիմորդ չի եղել՝ Կարո Նասիբյանն ասաց. «Զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատերագիտության, կինոգիտության գծով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքների՝ շվիի, սրնգի, տավղի բաժիններում: Դիմորդ չկա ջութակի, դիրիժորական բաժնում»:

նասիբյանը նաև հայտնեց, որ այս տարի գործելու է ավելի շատ՝ 41 միասնական քննությունների քննական կենտրոն:
 

Placeholder