Կաննի 75-րդ կինոփառատոնին կից Marche du Film կինոշուկայում գործում է հայկական տաղավարը
Մշակույթ
13:20 21/05/2022
Հայաստան

Կաննի 75-րդ կինոփառատոնին կից Marche du Film կինոշուկայում գործում է հայկական տաղավարը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատանքային խումբը մայիսի 17-ից սկսել է աշխատանքները Կաննի 75-րդ միջազգային կինոփառատոնին կից գործող Marche du Film կինոշուկայում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի թիվ 23.04 պաշտոնական տաղավարում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ մայիսի 19-ին հայկական տաղավարում տեղի է ունեցել կինոշուկայում ավանդույթ դարձած Հեփի Աուըր (Happy Hour) հյուրասիրություն՝ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի և Մարսելում Հայաստանի հյուպատոս պարոն Սամվել Լալայանի ներկայությամբ:

Հայկական տաղավարը մարդաշատ է եղել, ներկա են եղել ինչպես միջոցառմանը նախապես հրավիրված գործընկերներ, միջազգային կազմակերպությունների և ֆոնդերի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի ներկայացուցիչներ տարբեր երկրներից:

Հեփի Աուըր (Happy Hour) հյուրասիրության օրվա ընտրությունը Ազգային կինոկենտրոնի կողմից խորհրդանշական էր: Մայիսի 19-ին լրացավ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 130-ամյակը, որն էլ նշվեց այդ օրը հայկական տաղավարում և ցուցադրվեց Կինոկենտրոնի պատրաստած ճանաչողական տեսանյութ՝ Բեկնազարյանի ֆիլմերի հատվածներից հոլովակ:

Placeholder