Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև  պայմանավորվածություններին միջամտելու փորձեր
Քաղաքական
21:36 25/05/2022
Աշխարհ

Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններին միջամտելու փորձեր

Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով համառ փորձեր՝ միջամտելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագրերի գործընթացին: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` խոսելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպման մասին։

«Այո, մենք տեսնում ենք ԵՄ-ի համառ փորձերն ամենաբարձր մակարդակով միջամտելու եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացին, հուսով ենք, որ Բրյուսելը ցանկության դեպքում կօգնի դրանք իրականացնել, այլ ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր տալ։ Դա արդեն մենք չենք ուզում», - ասել է  Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության և բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։

«Այս ճանապարհին առանցքային խնդիրներից է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Այս ուղղությամբ ջանքերը հիմնված են առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների վրա, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք և որոնք հետևողականորեն իրականացվում են։ Ռուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում Երևանի և Բաքվի գործընկերներին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, հանրային երկխոսության հաստատման և խաղաղության պայմանագրի մշակման հարցում»,- ասել է Զախարովան։

Նա մատնանշել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին, ինչն արձանագրվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիի գագաթնաժողովից հետո երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ և բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում։

«Ռուսաստանն ունի յուրահատուկ փորձագիտական ներուժ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Մենք մեր տրամադրության տակ ունենք անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, հանձնաժողովի գործունեության շրջանակներում սիրով կկիսվենք մեր նյութերով և մշակված մեխանիզմներով հայ և ադրբեջանցի ընկերների հետ։ Ինչպես գիտեք, արդեն ձևավորվել է ռուս փորձագետների թիմ՝ խորհրդատվական օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Զախարովան։

 

Placeholder
Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններին միջամտելու փորձեր