Երիկամի 200-րդ փոխպատվաստումը Արաբկիր ԲՀ-ում
Առողջություն
12:37 25/05/2022
Հայաստան

Երիկամի 200-րդ փոխպատվաստումը Արաբկիր ԲՀ-ում

«Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկամի 200-րդ փոխպատվաստումը։ Այս մասին հայտնում են համալիրից ու մանրամասնում, որ երիկամի առաջին փոխպատվաստումն այստեղ արվել է 1991թ-ի մայիսին:

Ծրագրի գաղափարը պրոֆեսոր Արա Բաբլոյանի մոտ ծնվել է երկրաշարժից հետո, երբ ավերակների տակ մնացած բազմաթիվ մարդկանց, նրանց մեջ և երեխաների, կարիք էր լինում երիկամի հեմոդիալիզ իրականացնել: Սակայն հեմոդիալիզը, հատկապես երեխաների դեպքում, խնդրի վերջնական լուծում լինել չէր կարող, այն ազդում է կյանքի որակի վրա: Փոխպատվաստումն ավելի արդյունավետ ու երաշխավորող մոտեցում է համարվում:

Երիկամի փոխպատվաստումն իրականացնում է բազմամասնագիտական թիմը: Նախ ընտրվում է պացիենտ-դոնոր զույգը` բոլոր` բժշկական, հոգեբանական և այլ ասպեկտներ քննարկելով և հաշվի առնելով, ապա տեղի է ունենում բուն վիրահատությունը: Վիրաբույժներն աշխատում են երկու վիրասրահներում` զուգահեռաբար: Առաջինում դոնորից օրգանը վերցնելու, երկրորդում ռեցիպիենտի մարմնում այն տեղադրելու պրոցեսներն են ընթանում: Վիրահատությունից հետո էլ հետվիրահատական փուլն է և, իհարկե, օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր հսկողության մշտական գործընթացը:

Նշվում է, որ «Արաբկիր» ԲՀ-ում գործող օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր բաժանմունքը միակն է Հայաստանում: Այս պահին այստեղ գրանցված է 180 մարդ, մեծամասնությունը` 163-ը, փոխպատվաստված երիկամով, 16-ը` լյարդով և մեկ պացիենտ` փոխպատվաստված սրտով:
 

Placeholder