«Չպետք է սպասենք, որ օլիմպիական խաղերից 6 ամիս առաջ տեսնենք, որ ծանրաձող, բոթաս կամ պայուսակ չկա»
Սպորտ
13:03 26/05/2022
Հայաստան

«Չպետք է սպասենք, որ օլիմպիական խաղերից 6 ամիս առաջ տեսնենք, որ ծանրաձող, բոթաս կամ պայուսակ չկա»

«Նախագծի ընդունմամբ Հայաստանի մարզական ֆեդերացիաներին կհատկացվի լրացուցիչ ֆինանսավորում 2022 թվականի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու և մարզիկների լավագույն մարզավիճակն ապահովելու նպատակով»,-կառավարության նսիտում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ զեկուցելով ՀՀ պետական բյուջեից վերաբաշխման հերթական նախագիծը:

Կառավարությունը իր պահուստային ֆոնդի ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեն ավելացնել 200 միլիոն դրամով: 

Արա Խզմալյանն ասաց, որ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին նախապատրաստվելու համար:

Փոխնախարարը հայտնեց, որ գումարներն ուղղվելու են բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, լող, ծանրամարտ, հրաձգություն, ձյուդո, մարմնամարզություն, սուսերամարտ, վոլեյբոլ, թենիս մարզաձևերին:

«Մենք Ազգային օլիմպիական կոմիտեի հետ պայամանավորվել ենք, աշխատանքի բաժանում պետք է անենք և չպետք է սպասենք, որ օլիմպիական խաղերից 6 ամիս առաջ տեսնենք, որ ծանրաձող, բոթաս կամ պայուսակ չկա, բենզինը պետք է ճարենք մի տեղից»,-իր կողմից ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիմնավորելով, որ օլիմպիական խաղերին նման ֆինանսավորումներով պետք է նախօրոք նախապատրաստվել:
 

Placeholder