Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իրավիճակն այնպիսին է, որ քաղաքական դաշտում չեզոք կողմերի որևէ ձևի առկայությունն արդեն տրամաբանական չէ»,- այսօր երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ իշխանության քաղաքականությունը Արցախի, ՀՀ պետականության հարցում բավականին կոնկրետ է եղել, հնչել են հայտարարությունների, որի հետ կապված քաղաքական ուժերը, հասարակական ակտիվ խմբերը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն՝ կամ դեմ են այդ քաղաքականությանը, կամ կողմ։
«Ի վերջո, պետք է լինի հստակություն, քաղաքական դաշտը պետք է «պարզաջրվի», հասարակության համար ընկալելի լինի, թե իրականում ով ինչի հետևից է գնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Տ. Աբրահամյանը նշեց, որ քաղաքական ուժերը կարևոր իրադարձությունների հետ կապված պետք է դիրքորոշում արտահայտեն. «Ովքեր դիրքորոշում արտահայտել են՝ գիտենք, ովքեր շարունակում են աջակցել այս իշխանությանը՝ դրա մասին ևս հասարակությունը գիտի»։
Ինչ վերաբերում է ՀՀ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին, նա ասաց, որ առ այս պահը հայտնի չէ, թե ինչ հիմքով է իրականանում այդ աշխատանքը, ինչ փաստաթղթեր են դրված դրա հիմքում, ինչ քարտեզներով են առաջնորդվելու։
«Գլխավորը, ինչի մասին մենք խոսում ենք, այն է, որ այս իշխանությունը վերջին 4 տարիների ընթացքում տապալել է հնարավոր բոլոր բանակցությունները, մեր ժողովրդին բերել է մարդկային, տարածքային կորուստներ և այս պայմաններում վստահել այս իշխանություններին և այս իշխանությունների վարած բանակցություններին, որևէ ձև տրամաբանական չէ»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Նա նաև նշեց, որ իրենք պայքարի ընթացքում սադրանքներ եղել են միայն իշխանության կողմից. «Հիշեք, մայիսի 1-ին ընդառաջ, երբ ակտիվ փուլ էին մտնում ընդդիմության հավաքները, տարբեր իրավապահ կառույցներ հայտարարում էին հնարավոր զինված բախումների, սադրանքների մասին։ Ժամանակը ցույց տվեց, որ դրանք բացառապես հրահրվում են իշխանության կողմից, նաև իրավապահների կողմից»։