Դամասկոսը Սիրիայում Թուրքիայի գործողություններն ագրեսիա է որակում
Քաղաքական
18:30 30/05/2022
Տարածաշրջան

Դամասկոսը Սիրիայում Թուրքիայի գործողություններն ագրեսիա է որակում

Անվտանգության գոտի ստեղծելու պատրվակով Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում ագրեսիա է։ Այս մասին ասվում է երկուշաբթի օրը տարածված Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որի բովանդակությունից մեջբերում է արել SANA գործակալությունը։

«Սիրիայում այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծելու թուրքական վարչակարգի՝ Թայիփ Էրդողանի կառավարության  գործողություններն ագրեսիա է՝ էթնիկ և տարածքային զտումների քաղաքականության մի մասը, որն իրականացվում է Սիրիայի օկուպացված տարածքներում: Այն համարում ենք ռազմական և մարդկության դեմ հանցագործություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդագրությունում ասվում է, որ Սիրիայի ինքնիշխանությունը չի դառնա Թուրքիայի և Արևմուտքի միջև սակարկության առարկա:

«Սիրիան վստահեցնում է, որ իր ինքնիշխանությունը, անկախությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը չեն ենթարկվի թուրքական ծայրահեղական ռեժիմի շանտաժին և սակարկությանը, ինչն նա անում է՝ դաշնակցելով Վաշինգտոնի և որոշ արևմտյան երկրների հետ, որոնք ձգտում են քաղաքական դիվիդենտներ շահել սիրիացի ժողովրդի հաշվին»,-ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մայիսի 23-ին Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին՝ որպեսզի ընդլայնի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին, որը ստեղծվել էր 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողությունը կարող է սկսվել մոտ ապագայում, որին նախատեսվում է ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Անկարան։
 

Placeholder