Դիահերձարանում՝ չճանաչված մասունքներ, նույն քաղաքի ռեստորանում՝ պաշտպանության նախարարի հարսանիք
Քաղաքական
21:30 31/05/2022
Հայաստան

Դիահերձարանում՝ չճանաչված մասունքներ, նույն քաղաքի ռեստորանում՝ պաշտպանության նախարարի հարսանիք

Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրության» շարժման հանրահավաքին ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ընթերցեց «Ի պաշտպանություն Արցախի» քաղաքացիական նախաձեռնության 2022 թվականի մայիսի 27-ի հայտարարությունը:

Ուղերձում ասվում է, որ նախաձեռնությունը դատապարտում է գործող իշխանությունների ցանկացած բանակցություն, որը բացառում է Արցախի՝ Ադրբեջանից անկախ հարատևումը:

Հայտարարությունն ընթերցելուց հետո, նկատելով, որ մարդասպանը ցանկանում է թաքցնել իր հանցանքի հետքերը՝ Ղազարյանը հայտնեց, որ մինչև հիմա հասարակությունը հստակ չգիտի, թե քանի մարդ է իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության և փրկության:

Նա հայտնեց, որ պատերազմից հետո իշխանության մարմինները զոհերի 7 թիվ են պաշտոնապես հրապարակել, որոնք տարբերվում են միմյանցից:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հիշեցրեց, որ առաջին անգամ թիվ էր հրապարակել Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը,  հայտնելով, որ իր ունեցած տվյալներով պատերազմում զոհվել է 4750 մարդ:

«2021 թվականի հունվարի 5-ին, ի պատասխան լարգրողների հարցմանը, ՊՆ-ն հայտնել էր, որ զոհվածների թիվը պետական գաղտնիք է և չեն կարող հրապարակել, բայց արդեն հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հայտնում է, որ  զոհվածների թիվը 3439 է, 2021թ ապրիլի 14-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ զոհերի թիվը 3621 է:
Ամենասարսափելին այն է, որ նա այդ նույն օրն ասում է, որ զոհերի թիվը դեռևս ճշտվում է, այն 4000-ի կարգի է, +/- 50»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Նա շարունակեց հիշատակել զոհերի թվի պաշտոնական հրապարակումները և հիշեց, որ 2021 թվականի հունիսի 7-ին Արմավիրի մարզի համայնքներից մեկում Փաշինյանը հայտնել է, որ զոհերի թիվը կլինի մոտավորապես 3700, իսկ օգոստոսի 24-ին՝ 3773 և երկու օր անց էլ հնչեցրել է 3777 թիվը:

Ղազարյանը նկատեց, որ խոսքը գնում է բանակի մասին, որտեղ մեկ անվանականչով կարող են պարզել, թե քանի զինվոր է բացակա, քանիսը վիրավոր:

Շարունակելով ներկայացնել զոհերի թվերը՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ասաց, որ 2022 թվականի հունվարի 19-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ զոհվածների թիվը 3809 է, իսկ փետրվարի 10-ին Փաշինյանը հայտարարել էր 3812 թիվը, Արցախի Պաշտպանության բանակն էլ հրապարակել է 2842 զոհվածի անուն:

«Ոչ մի տեղ չի հրապարակվել զոհվածների բոլոր անունները: 3800 մարդու անուն հրապարակեք մի տեղ՝ գրքում , ինտերնետային կայքում: Չեն անում, իսկ ինչո՞ւ, որովհետև թաքցնում են և շատ լավ գիտեն, թե քանի մարդու են սպանել այս պատերազմում: Մեզնից թաքցնում են մեր հերոսներին, նրանց լուսվոր պատկերները, հերոսական անունները, սխրանքները, թույլ չեն տալիս, որ մենք հպարտանանք նրանցով»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը և հավելեց. «Հոկտեմբերի 7-ին իրեն խաղաղության պայմանագիր է առաջարկվել, որը նա մերժել է, քանի՞ մարդ է զոհվել դրանից հետո, քանի մարդ է զոհվել հոկտեմբերի 19-ից հետո, քանիսն են զոհվել հոկտեմբերի 5-ի իր ձախողած ռազմական գործողությունների ժամանակ: Փորձագետներ կան, որ ասում են՝ մեկ օրում զոհվել է 800 մարդ: Հայ ժողովրդի պատմության մեջ չի եղել մեկ օր, որի ընթացքում ծնված լինմի 800 տղա, բայց եղել է մի օր, երբ զոհվել է 800 երիտասարդ և այն եղել է այն օրը, երբ վարչապետը եղել է Նիկոլ Փաշինյանը և այդ մարդը դեռ վարչապետ է, իսկ մենք ապրում ենք այս հասարակության մեջ: Մեղք է մեր ապրելը, եթե մենք ներում ենք այս սրիկա մարդասպանին»:

Նա հանրահավաքի բեմից ցուց տվեց երեխայի լուսանկար, որը պահում էր պաստառ՝ «Պահանջում եմ հայրիկիս» գրությամբ և փաստեց, որ իրենց հայրիկներին պահանջող երեխաները հազարներ են:

«Ճիշտ այն օրը, երբ Աբովյանի դիահերձարանում դեռ չճանաչված մասունքներ են եղել՝ Աբովյանի ռեստորանում պաշտպանության նախարարի հարսանիք է եղել»,-ասաց Էդգար Ղազարյանը և, շեշտելով, որ հասարակությունը իրավունք չունի այն հանդուրժելու, մինչև վերջ պետք է պայքարի, հավելեց. «Այս դժոխքը մեր երկիր բերողի պատիժը պետք է տեսնենք, մենք պետք է պատժենք»:
 

Placeholder