Երեխայի իրավունքների պաշտպանության հարցերին վերաբերող դիմում-բողոքների քանակն ավելացել է․ ՄԻՊ
Իրավունք
11:54 02/06/2022
Հայաստան

Երեխայի իրավունքների պաշտպանության հարցերին վերաբերող դիմում-բողոքների քանակն ավելացել է․ ՄԻՊ

2021 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 22.9 միլիոն դրամի երկու դրամաշնորհային ծրագիր է իրականացրել։ Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ծրագրերից մեկն իրականացվել է Բուլղարիայի ԱԳՆ-ի կողմից հատկացված դրամաշնորհով, որի համաձայնագիրը 2019-ին է կնքվել, սակայն կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված այն կյանքի է կոչվել միայն 2021 թ-ին։

Երկրորդ դրամաշնորհային ծրագրի գումարը հատկացվել է ՄԱԿ-ի բյուջեից՝ ուղղված ՄԻՊ գրասենյակի կարողությունների զարգացմանը։ «Առաջին ծրագիրն իրականացվել է ավելի քան 90 տոկոսով, երկրորդն՝ ավելի քան 80 տոկոսով»,- ասաց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ  նախորդ տարի ՄԻՊ-ը Սահմանադրական դատարան է ներկայացրել 12 օժանդակ դիրքորոշում ու 10 դիմում:

Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ նախորդ տարի պաշտպանի աշխատակազմ է այցելել շուրջ 200 երեխա, որոնք ծանոթացել են պաշտպանի լիազորություններին, ինչպես նաև իրազեկվել են իրենց իրավունքների մասին:

Ըստ նրա՝ 2021 թ-ին ավելացել է ՄԻՊ գրասենյակ ստացված դիմում-բողոքների քանակը։ Մասնավորապես, 2021-ին պաշտպանի գրասենյակը ստացել է երեխայի իրավունքների պաշտպանության հարցերին վերաբերող 904 դիմում-բողոք, ինչը 2020-ի համեմատ 154-ով ավելի է:

Նշվեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերին վերաբերող բողոքների քանակն ավելացել է 251-ով, իսկ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակում այցերի թիվը նախատեսվածից 7-ով ավելի է իրականացվել, ընդհանուր առմամբ՝ 57 այց:

«Արագ արձագանքման և այլ բնույթի այցեր են կատարվել պետական, տեղական ինքնակառավարման մարմիններ, հիմնարկներ, կազմակերպություններ, այդ թվում՝ զորամիավորումներ, կարգապահական գումարտակներ: Նախատեսված 510-ի փոխարեն 667 այց է իրականացվել»,- ընդգծեց ՄԻՊ-ը։

Բացի այդ, նախորդ տարի իրազեկման արշավների կամ ուսուցիչների շրջանում երեխաների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման վերաբերյալ իրազեկման 8 միջոցառում է իրականացվել՝  2-ի փոխարեն։ Կատարվել են նաև մշտադիտարկման այցեր հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատություններ: Մասնավորապես, իրականացվել է 19 այց՝ նախատեսված 9-ի փոխարեն։

Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ աճել է նաև «թեժ գծին» ստացված զանգերի թիվը: Այսպես, «թեժ գծին» ստացվել է 14 հազար 124 զանգ, ինչը 2020-ի համեմատ 20%-ով ավելի է։

«Թեժ գծին» զանգերի թվի աճին զուգահեռ նաև աճ է գրանցվել պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքների մասով, ինչպես նաև պաշտպանի սեփական նախաձեռնությամբ վարույթներ հարուցելու կամ հարցեր քննելու առումով:

Placeholder
Երեխայի իրավունքների պաշտպանության հարցերին վերաբերող դիմում-բողոքների քանակն ավելացել է․ ՄԻՊ