«Ինչո՞ւ այսօր գալ Ֆրանսիայի հրապարակ»
Քաղաքական
10:15 03/06/2022
Հայաստան

«Ինչո՞ւ այսօր գալ Ֆրանսիայի հրապարակ»

Երեկ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու հանուն Արցախի, Հայաստանի փրկության պայքարի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝  հունիսի 3-ին ժամը 16։00-ին կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում. «Նախ աջակցել ընդդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները»։

Այսօր ժամը 16։00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում է  ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը՝ «Ազգային ժողովի հայտարարությունը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։ Հիմնական զեկուցողն է լինելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։

Հայտարարության տեքստը՝

«Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝  Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝

Հայտարարում ենք․

1․ Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2․ Պետք է ապահովել հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3․ ՀՀ -ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝  բոլոր բաղադրիչներով։

4․ Ադրբեջանի Հանրապետության հետ  սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման ( հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձ) և ՀՀ ինքնիշխան տարածքից  ադրբեջանական զորքերի դուրս բերման նախապայմանով։

5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։

6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ն բացառում է որևէ  համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր- մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

7․ Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։

«Հայաստան» դաշինքը մանրամասնում է՝ ինչո՞ւ հունիսի 3-ին գնալ Ֆրանսիայի հրապարակ.

 

 

 

 

 


 

Placeholder