Դատարանը չի փոփոխել Գյումրու ծեծկռտուքի գործով կալանավորված ՀՅԴ-ական 5 երիտասարդների խափանման միջոցը
Իրավունք
09:32 03/06/2022
Հայաստան

Դատարանը չի փոփոխել Գյումրու ծեծկռտուքի գործով կալանավորված ՀՅԴ-ական 5 երիտասարդների խափանման միջոցը

«Չնայած հիմքերի բացակայությանը` դատարանն անփոփոխ է թողել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 5 ընկերների նկատմամբ կալանքի ապօրինի որոշումը»,- հայտնում են միությունից։ 

«Սիրելի ընկերներ, թեև ձեր բացակայությունը զգում ենք ամեն օր, բայց վստահ ենք, որ հաղթահարելու ենք այս փորձությունները ևս, որովհետև մեզ առաջնորդողը մեր գաղափարներն են, իսկ դուք այդ գաղափարների ամենանվիրական մարտիկներից եք»,- նշում են ՀՅԴ ՀԵՄ-ից։ 

Հիշեցնեն՝ Գյումրիում դեպքով հարուցված քրգործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալներից հինգը կալանավորված են:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևան քաղաքից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են»,- հայտնել էին Քննչական կոմիտեից։ 

Գյումրու ծեծկռտուքի գործով մեղադրյալների փաստաբան Աբգար Պողոսյանը երեկ ասել էր. «Եթե խոսում ենք արդարադատության տեսանկյունից, կա ընդամենը մեկ որոշում՝ տղաներն այսօր պետք է ազատ արձակվեն։ Մնացած բոլոր որոշումները հերթական անգամ կհիմնավորեն, որ ՀՀ-ում արդարադատությունը կաղում է, հիվանդ է»։ 

Placeholder
Դատարանը չի փոփոխել Գյումրու ծեծկռտուքի գործով կալանավորված ՀՅԴ-ական 5 երիտասարդների խափանման միջոցը