Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության հարցերի շուրջ
Քաղաքական
10:17 04/06/2022
Տարածաշրջան

Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության հարցերի շուրջ

Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ։

«Կողմերը քննարկել և մոտեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով` ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»,- նշված է ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների շուրջ, որն ապահովում է տրանսպորտային կապը Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

«Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Placeholder
Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության հարցերի շուրջ