Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը
Կրթություն, գիտություն
10:24 08/06/2022
Հայաստան

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

67 տարեկանում մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը։  Panorama.am-ին տեղեկությունը հաստատեցին Երևանի պետական համալսարանից։ 

ԵՊՀ-ից Հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ կտրամադրեն լրացուցիչ տեղեկատվություն:

Համաձայն ԵՊՀ ռեկտորի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ 2009 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր՝ հրաժարական ներկայացնելով 2019 թվականի մայիսի 23-ին։ Եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։

Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։ 

 

 

 

Placeholder
Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը