Երևանում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան
Օրվա թեմա
09:00 09/06/2022
Հայաստան

Երևանում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան

Հունիսի 18-ին ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնում կկայանա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և հնարավոր է եղել ավարտել հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցության շնորհիվ։

Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է: «Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է, թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում։ 

Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:

«Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի  հիմնադրամի նախաձեռնությամբ:

«Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հանրահայտ New York Film Festival փառատոնում 2021 թվականի սեպտեմբերին։ Վերջինիս հաջորդել է եվրոպական պրեմիերան՝ Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային  թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանն  արժանացել է նաև «Life achievement award» հատուկ մրցանակի՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Ֆիլմի ցուցադրության նախաձեռնող և կազմակերպիչ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունից հայտնում են, որ երևանյան պրեմիերայի կապակցությամբ հատուկ ժամանելու են Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի գեղարվեստական տնօրեն Էրվե Շանդեսը և ZKM Filminstitut-ի հիմնադիր Անդրեյ Ուջիկան։ 

Կինոդահլիճ մուտքն ազատ է, հրավիրատոմսերով տեղերն են միայն պարտերի 1-ից 8-րդ կարգը:

 

 

 

Placeholder