Վրաստանը կհրաժարվի ԵՄ թեկնածուի կարգավիճակից, եթե առաջարկությունն անարդար լինի
Քաղաքական
17:45 10/06/2022
Տարածաշրջան

Վրաստանը կհրաժարվի ԵՄ թեկնածուի կարգավիճակից, եթե առաջարկությունն անարդար լինի

Վրաստանը ստիպված կլինի հրաժարվել ԵՄ թեկնածուի կարգավիճակից, եթե այն հանրապետությանը տրվի անարդար պայմաններով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Խունդաձեն։

«Եթե Վրաստանը ստանա Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ նույն անարդար պայմաններով, որոնք արտացոլված են հինգշաբթի օրը ընդունված Եվրախորհրդարանի բանաձևում, ապա երկիրը պետք է պատասխանի արդարացի մերժմամբ»,-ասել է Խունդաձեն։

Պատգամավորը քննադատել է Վրաստանում ԶԼՄ-ների իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը, որն ընդունվել է հինգշաբթի օրը։ Փաստաթղթում կոչ է արվում դիտարկել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ վրացական ժողովրդավարության վրա բացասական ազդեցության պատճառով։ Բանաձևը նաև կոչ է անում Վրաստանի իշխանություններին բանտից ազատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։

«Դա բացահայտ վիրավորանք էր՝ ուղղված վրաց ժողովրդին: Ավելին, ես անկախության ժամանակահատվածում երբեք չեմ տեսել նման անարդար Եվրոպա Վրաստանի նկատմամբ: Մենք չենք հրաժարվի պատիվից կարգավիճակ ստանալու համար»,-հավելել է նա։
 

Placeholder