Հայ կինոյի 100-ամյա հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
Մշակույթ
16:10 10/06/2022
Հայաստան

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում

Հունիսի 10-11-ը Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում տեղի կունենա «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառումը՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջոցառման շրջանակում նախատեսվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգները: Միջոցառման ծրագրում կընդգրկվեն նաև պաշտոնական ելույթներ հայկական և ռուսական կողմերից: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» միջոցառումը նախատեսվում է 2022 թ. աշնանը:

«Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին  անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝  Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին ընդունելու ժամանակ 

Դումանյանն անդրադարձել է նաև հայ կինոյի 100-ամյա հոբելյանին, որը նախատեսվում է 2023 թվականին և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում: Նշվել է նաև, որ 2024 թ.-ին Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններն են:

Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել հոբելյանական միջոցառումների շրջանակներում ԽՍՀՄ ժամանակ նկարահանված և ներկայումս ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերի թվայնացման կազմակերպումը, ինչին Միխայիլ Շվիդկոյը դրական է արձագանքել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

 

Placeholder
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում