2022թ. առաջին եռամսյակում անասնաբուծությունը և բուսաբուծությունը նվազել են. ՀՀ կառավարություն
Տնտեսություն
15:36 13/06/2022
Հայաստան

2022թ. առաջին եռամսյակում անասնաբուծությունը և բուսաբուծությունը նվազել են. ՀՀ կառավարություն

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվեց 2022 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Հարցը զեկուցեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Տեղեկանքում ասվում է, որ հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 9.6% աճ։ Այն հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների աճով (նպաստումը` 10.2 տոկոսային կետ), առևտրի, արդյունաբերության և շինարարության աճերը ևս նպաստել են տնտեսական ակտիվությանը (համապատասխանաբար՝ 0.9, 0.7 և 0.4 տոկոսային կետ), իսկ գյուղատնտեսության նվազումը 0.7 տոկոսային կետով հակազդել է տնտեսական ակտիվությանը:

Արդյունաբերության ոլորտում համախառն թողարկումն աճել է 3.1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճով (նպաստումը՝ 6.1 տոկոսային կետ), իսկ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ենթաճյուղի նվազումը բացասաբար է ազդել (3.6 տոկոսային կետով) արդյունաբերության աճի վրա:

Տեղեկանքում ասվում է, որ մշակող արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել սննդամթերքի, հիմնային մետաղների, ոչ մետաղական հանքային արտադրատեսակների, ինչպես նաև ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճով:

Ըստ հաղորդման՝ գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է 0.8%-ով, որի պատճառն անասնաբուծության և բուսաբուծության նվազումն է եղել։ Անասնաբուծության նվազումն իր հերթին պայմանավորված է եղել կաթի արտադրության և սպանդի համար նախատեսված գյուղատնտեսական կենդանի և թռչնի նվազմամբ:

Կառավարությունը հայտնում է, որ շինարարության ճյուղում գրանցվել է 6.2% աճ, որը ապահովվել է կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարության ծավալների աճով։

«Պետական բյուջեի և բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալների նվազումները հակազդել են ընդհանուր շինարարության աճին (նպաստումները` համապատասխանաբար 4.4 և 2.7 տոկոսային կետեր)։ Ընդ որում՝ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող շինարարության նվազումը պայմանավորված է եղել միջազգային վարկերով ֆինանսավորվող շինարարության նվազմամբ»,-ամրագրված է տեղեկանքում։

Փաստաթղթում ամրագրված է, որ 2022 թ. առաջին եռամսյակում ծառայություններն աճել են 22.2%-ով, որին նպաստել է տրանսպորտը, տեղեկատվությունը և կապը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, ինչպես նաև կացության և հանրային սննդի կազմակերպում, իսկ առևտրի 7.6% աճը հիմնականում պայմանավորված է եղել մեծածախ առևտրի և ավտոմեքենաների առևտրի աճով (նպաստումները համապատասխանաբար՝ 5.0 և 2.0 տոկոսային կետեր)։

«Հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների ծավալի 14.7% աճը հիմնականում պայմանավորված է եղել ներհանրապետական ավտոմոբիլային բեռնափոխադրումների աճով, իսկ  ուղևորափոխադրումների 40.0% աճը՝ հիմնականում պայմանավորված է եղել ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով իրականացված ուղևորափոխադրումների աճով:

Հունվար-մարտին տնտեսական ակտիվության աճն ուղեկցվել է ներքին պահանջարկի աճով:
Սպառումն իրական արտահայտությամբ աճել է շուրջ 8.5%-ով՝ պայմանավորված մասնավոր հատվածի սպառման աճով, որին նպաստել են բնակչության տնօրինվող եկամտի աճը և համավարակի պայմաններում կուտակված խնայողությունների օգտագործումը:

Ներդրումների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ իրական արտահայտությամբ շուրջ 3.7% աճը հիմնականում պայմանավորված է մասնավոր ներդրումների աճով: Մասնավոր ներդրումների վրա դրական ազդեցություն են ունեցել հիփոթեքային և շինարարության վարկերի ծավալների աճը: Պետական ներդրումները նվազել են՝ հակազդելով ընդհանուր ներդրումների աճին»,-ասվում է գործադիրի ներկայացրած տեղեկանքում։

Ըստ ամփոփագրի՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների 30% աճն ապահովվել է հիմնականում զբոսաշրջիկներին մատուցված ծառայությունների աճով, իսկ ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 29%-ով:

Placeholder