Վրաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Տարածաշրջան
17:45 15/06/2022
Տարածաշրջան

Վրաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Վրաստանում լաբորատորիայում հաստատվել է կապիկի ծաղիկի մեկ դեպք։ sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Առաջին ալիքը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնին։

«Պացիենտն ունեցել է վիրուսի թեթև ձև, և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից»,- ասվում է Կենտրոնի հաղորդագրությունում։

Հիվանդությունը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ տղամարդը վերադարձել է Եվրոպայից։ Մասնագետները հետազոտել են բոլորին, ում հետ հիվանդը շփվել է, բայց  որևէ մեկի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։

ԱՀԿ-ի տվյալներով, մինչ այժմ 39 երկրներում գրանցվել է կապիկների ծաղիկի ավելի քան 1600 հաստատված դեպք և մոտավորապես 1500 կասկածելի դեպք։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների կոմիտեն կհանդիպի հաջորդ շաբաթ՝ գնահատելու կապիկի ծաղիկի բռնկման վտանգն աշխարհում։

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:

 

Placeholder
Վրաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը