Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անսիի միջազգային կինոփառատոնում այսօր կկայանա «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի պրեմիերան
Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային հեղինակավոր կինոփառատոնում այսօր կկայանա «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի պաշտոնական պրեմիերան, որը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Եվրիմաժի կողմից:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմն ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Այն հայ - գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas», պրոդյուսերներ՝ Վ. Հովհաննիսյան, Ի. Սահակյան): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:
Ֆիլմի մասին հոդված է տպագրվել Screen Daily ամսագրում՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի ուշագրավ կյանքը վերածվել է հուզիչ անիմացիայի» վերնագրով:
Ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյանը) պատմությունը։ 14- ամյա դեռատի աղջիկը երկու տարի դիմակայելով Եղեռնի ոճրագործություններին, գերությանը, հարեմներին ու հալածանքներին, իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ՝ 1917 թվականին փրկություն է գտնում ԱՄՆ-ում։
«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կպատմի Արշալույս Մարտիկանյանի հերոսական պատմությունը նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ:
