Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը
Քաղաքական
19:18 20/06/2022
Հայաստան

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը

Սույն թվականի մայիսի 30-ին մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված նամակին ի պատասխան ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են․

«Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է բնապահպանական և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նամակում արծարծված խնդիրներին և  «ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ամբողջովին ընդունվելու դեպքում՝ այն չստորագրելու ՀԿ-ների խնդրանքին՝ հակասահմանադրականության հիմնավորմամբ:

Հետամուտ լինելով խնդրի լիարժեք պարզաբանմանը ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված սույն օրենքի հիմնավորումներին, առաջին ընթերցումից հետո ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկներին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացություններին նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական և փորձագիտական բաժինները նույնպես ներկայացրել են խնդրո առարկա օրենքում փոփոխություններին վերաբերյալ վերլուծություն:

Վերոշարադրյալ եզրակացությունների և վերլուծություններին համադրության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված  «ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ՀՀ Սահմանադրությանը հակասող հոդվածներ և կետեր չեն արձանագրվել: Ըստ այդմ, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 18-ին ստորագրել է օրենքը:

Միևնույն ժամանակ,  նախագահի աշխատակազմը բաց է  հանրային կարևորություն ունեցող թեմաների շուրջ տարբեր ձևաչափերով քննարկումներում ներգրավելու և մասնակցելու համար»:

 

Placeholder