«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում է ռեժիսոր, իրավապաշտպան Օրվա Նիրաբիան
Մշակույթ
11:31 20/06/2022
Հայաստան

«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում է ռեժիսոր, իրավապաշտպան Օրվա Նիրաբիան

«Ոսկե Ծիրան»  միջազգային փառատոնի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում է վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր փառատոնի (IDFA) գեղարվեստական ղեկավար, պրոդյուսեր, ռեժիսոր, իրավապաշտպան Օրվա Նիրաբիան: Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնից։ 

Օրվա Նիրաբիան կնոջ հետ միասին Սիրիայում հիմնել են «DOX BOX» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը դարձել է վավերագրական ֆիլմերի ամենակարևոր հարթակն արաբական աշխարհում (2008)։

Նիրաբիան մի շարք ֆիլմերի պրոդյուսեր է եղել, դրանց թվում են՝ «Տիկնիկներ. մի կին Դամասկոսից», «Արծաթաջուր. Սիրիայի ինքնանկարը», «Վերադարձ Հոմս»: Վերջինը 2014-ին Սանդենս կինոփառատոնում արժանացել է Ժյուրիի մրցանակին:

2017-ին Նիրաբիան և կինը՝ Դիանա էլ Ջերուդին, դարձել են առաջին սիրիացիները, ովքեր ընդգրկվել են  Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիա, իսկ մեկ տարի անց՝ 2018-ին Նիրաբիան դարձել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոնի տնօրեն:

Սիրիայի իշխանությունները ձերբակալել էին Նիրաբիային Դամասկոսի օդանավակայանում, իսկ հետո ազատ արձակել, երբ համաշխարհային ճանաչում ունեցող բազում կինոգործիչներ սկսել էին արշավ՝ հանուն նրա ազատության: Նրանց թվում էին Ռոբերտ դե Նիրոն, Քեվին Սփեյսին, Ժյուլիետ Բինոշը:

Նիրաբիան 2011-ին կազմել էր սիրիացի կինոգործիչների միջազգային կոչ Սիրիայի ժողովրդավարության պահանջով, որը մասնագիտական խմբի կողմից արվող առաջին հանրային հայտարարությունն էր: Կոչին միացել էին ավելի քան 1000 կինոաստղեր, որոնց թվում էին Ժյուլիետ Բինոշը, Մոհսեն Մախմալբաֆը և Մայք Լին:   

Հիշեցնենք, որ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ 

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

Placeholder
«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում է ռեժիսոր, իրավապաշտպան Օրվա Նիրաբիան