Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
Իրավունք
11:57 21/06/2022
Հայաստան

Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Արագածոտնի մարզում տեղի ունեցած սպանություններից հետո պաշտոնից ազատվել է Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը։

Ոստիկանության պաշտոնական էջում որպես Ապարանի ոստիկանապետ արդեն ներկայացված է Ռաֆայել Պողոսյանը։

Քննչական կոմիտեից երեկ հայտնել են, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության  դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու  ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին,  32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս:

Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Placeholder
Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից