Դատավորը Գյումրու «պապիկների գործով» մերժել է  դատախազի բողոքը. փաստաբան
Իրավունք
14:17 21/06/2022

Դատավորը Գյումրու «պապիկների գործով» մերժել է դատախազի բողոքը. փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, Գյումրու «պապիկների գործով» մերժել է  դատախազի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված Վելիխան Խլղաթյանի նկատմանբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատական ակտը թողնելով անփոփոխ։ Այս մասին հայտնում է փաստաբան Գայանե Պապոյանը։ 

Հիշեցնեն՝ Գյումրիի դեպքով հարուցված քրգործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալներից հինգը կալանավորված են:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևան քաղաքից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են»,- հայտնել էին Քննչական կոմիտեից։

 

Placeholder
Դատավորը Գյումրու «պապիկների գործով» մերժել է դատախազի բողոքը. փաստաբան