«Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է աղմկահարույց կինոնախագծերից մեկի հեղինակ Իլյա Խրժանովսկին
Մշակույթ
11:51 22/06/2022
Հայաստան

«Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է աղմկահարույց կինոնախագծերից մեկի հեղինակ Իլյա Խրժանովսկին

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն է վերջին տասնամյակների ամենահակասական և աղմկահարույց կինոնախագծերից մեկի հեղինակ Իլյա Խրժանովսկին: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից։

2007թ-ին Խրժանովսկին սկսել է 14 լիամետրաժ ֆիլմերից բաղկացած, ավելի քան 700 ժամ տևողությամբ արվեստային մարդաբանական ԴԱՈՒ բազմաբնագավառ նախագծի նկարահանումը, որի համար զրոյից ստեղծվել է լեգենդար «ինստիտուտ»-ը՝ Եվրոպայում երբևէ կառուցված ամենամեծ նկարահանման հրապարակը:

14 ֆիլմերից երկուսը՝ «ԴԱՈՒ․ Նատաշա»-ն՝ և «ԴԱՈՒ․ Այլասերում»-ը ցուցադրվել են Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ «ԴԱՈՒ․ Նատաշա»-ն  արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի՝ ակնառու գեղարվեստական ավանդի համար:

Քանի որ «ԴԱՈՒ»-ի երկարաձիգ նկարահանումների ընթացքում ժապավենային դարաշրջանը վերջնականապես փոխարինվել էր թվայինով, FUJI ընկերությունը ստիպված էր լրացուցիչ ժապավենի հսկայական ծավալ արտադրել՝ հատուկ «ԴԱՈՒ» նախագծի համար:

Նախագծում Նոբելյան մրցանակակիր Լև Լանդաուի դերը կերտած դիրիժոր Թեոդոր Կուրենդզիսից զատ մասնակցություն են ունեցել նաև Մարինա Աբրամովիչը, Ուիլեմ Դեֆոն, Շարլոթ Ռեմփլինգը, Իզաբել Աջանին, Ֆանի Արդանը, Իզաբել Յուպերը, Ռոմեո Կաստելուչին և ուրիշներ:  

 2005թ. -ին՝ «ԴԱՈՒ»-ի ռեզոնանսից տարիներ առաջ, Խրժանովսկու դեբյուտային լիամետրաժ ֆիլմը՝ «4»-ը, արժանացել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին։  

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

 

Placeholder
«Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է աղմկահարույց կինոնախագծերից մեկի հեղինակ Իլյա Խրժանովսկին