Գործադիրը հաստատեց արտակարգ իրավիճակներում հրատապ համարվող շինարարական աշխատանքների գնման կարգը
Տնտեսություն
14:37 23/06/2022
Հայաստան

Գործադիրը հաստատեց արտակարգ իրավիճակներում հրատապ համարվող շինարարական աշխատանքների գնման կարգը

«Մշակվել է որոշման նախագիծ, որով որաշակի արտակարգ իրավիճակների պայմաններում, միայն կառավարության սահմանած դեպքում, քանի որ ընդհանուր բնույթ այն չի կրելու, առանձին գնումների միջոցով կարողանանք իրականացնել արագ և որակյալ աշխատանք»,-կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով «Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշումը:

Նախարարը տեղեկացրեց, որ համապատասխան օրենքն արդեն ընդունվել է և ներկայացվում է այն ապահովող ենթաօրենսդրական ակտը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է.

«Կարգով նախատեսվում է.

- ճանապարհների և տրանսպորտային օբյետների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները,  ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից,

- շենքերի և շինությունների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների  գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից:

Նշված կարգի համաձայն պատվիրատուները կազմակերպում են նախաորակավորման գործընթաց, որի համար անհրաժեշտ որակավորման չափաանիշները սահմանվում են սույն կարգով: Նշված գործընթացի արդյունքում հաստատվում են նախաորակավորված մասնակիցների ցուցակները: Իսկ կարիքի առաջացման դեպքում պատվիրատուները հրավեր են ուղարկում այդ ցուցակում ներառված մասնակիցներին, որոնք կարող են հրաժարվել հայտ ներկայացնելուց»:
 

Placeholder