Արցախ. Նորահայտ խաչքար
Օրվա թեմա
09:00 29/06/2022
ԼՂՀ

Արցախ. Նորահայտ խաչքար

Օրերս «Կոշիկ  անապատ» վանք այցելության ընթացքում ի հայտ է բերվել խաչքար՝ արձանագրությամբ, որը կարելի է դիտել որպես նորահայտ, քանզի այն հաշվառված ու գրանցված չէ պետական ցուցակներում և ներկայացված չէ հեղինակ-տեղագրողների  գրվածքներում:  Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։ 

Հուշարձանը կերտված է դարչնագույն-վարդագույն քարից (չափերը՝ 82×46սմ): Խաչքարի  կենտրոնական մասում մեծադիր գեղազարդ խաչի բարձրաքանդակն է՝  շուրջը բուսական հյուսկեն-մանվածո նախշազարդերով ու այլ դրվագազարդումներով: Այն ուշագրավ է կցագիր արձանագրությամբ՝  զետեղված հուշակոթողի թիկունքին, ըստ որի Հասանի մանկանց (որդիների)  որդի Գրիգորը  կանգնեցրել է իր այս խաչը՝  ի փրկություն իր հոգու Հեղինեի օրերում (ժամանակներում):

«Ես Գերգոր որդի Հասանա մանկաց որդո կանգնեցի զխաչս ի փրկութի հոգո իմո յավուրս Հեղին յաղաւթս յիշեք Թիւն ՉԻԲ (1273)»։ 

Ծանոթություն. Հայտնի է, որ Հեղինեն Արցախում դիտվում է որպես սուրբ: Քրիստոնեության մեջ հայտնի է նաև Հեղինե թագուհին. Սրբուհի, մայր  մեծն Կոստանդիանոսի, որին վերագրվում է խաչի  գյուտը (327թ.): Եվ  ամենակարևորը  տվյալ  պարագայում. «Հեղինէ տիկին Հայոց Մեծաց, աղուանից  ազգից, կին Գրիգոր իշխանի  Մամիկոնյան….՛՛:

Կոշիկ  անապատը Արցախի Խաղբակյան իշխանների գլխավոր հոգևոր կենտրոնատեղիներից էր, որի  մասին առկա են մի  շարք ստույգ պատմական տվյալներ: Իսկ Խաղբակյանները սերվում  են Մամիկոնյաններից, դիտվում նրանց շառավիղներից մեկը:

Placeholder
Արցախ. Նորահայտ խաչքար