Հաղպատում մեկնարկել են Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
Մշակույթ
17:39 06/07/2022
Հայաստան

Հաղպատում մեկնարկել են Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Այս տարի նշվում է հայ կինոյի մեծ վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի  ծննդյան 100-ամյա հոբելյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոյի մեծ վարպետի հոբելյանին նվիրված միջոցառումներից մեկը հուլիսի 1-3-ն անցկացրել է Երզնկյան ընտանիքի ծննդավայր Լոռիում՝ Հաղպատում։

Նախարարությունից հայտնում են, որ Հաղպատի մշակույթի պալատի նախասրահում միջոցառման առաջին օրը ցուցադրվել են ռեժիսորի տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները, տեղի է ունեցել «Յուրի Երզնկյան» գրքի շնորհանդեսը։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել են «Եթե գաք մեզ մոտ Հաղպատ» վավերագրական և «Այս կանաչ կարմիր աշխարհը» գեղարվեստական ֆիլմերը։

 Արդեն հուլիսի 2-ին, ըստ ծրագրի, Հաղպատի մշակույթի պալատում՝ մեծ էկրանի վրա, ցուցադրվել են ռեժիսորի արխիվային լուսանկարները և «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմը, իսկ երեկոյան «Քեֆո» հյուրանոցային համալիրում ցուցադրվել է «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմը։

Միջոցառման վերջին օրը՝ հուլիսի 3-ին, Ալավերդու մշակույթի տանը ցուցադրվել է «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմը։ Ելույթով հանդես են եկել կինոգետ Անետա Երզնկյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և դերասաններ Սոֆիկ Սարգսյանն ու Հակոբ Ազիզյանը:

Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, ազգային կինոարվեստի զարգացմանն ու տարածմանը:

Նկարիչ, սցենարիստ և ռեժիսոր Երզնկյանի բազմատաղանդ ներկայությունը հայ կինոյին պարգևել է տասնյակ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, որոնք ազգային երաժշտության, գրականության և գեղանկարչության գլուխգործոցները հասցրել են մեծ էկրան՝ բացառապես երզնկյանական կինոլեզվի ու մտածողության շնորհիվ դրանք վերածելով համազգային սիրո հասցեների:

 

Placeholder