ՔՊ-ական պատգամավորի համար հասկանալի չէ, թե ով էր ղեկավարում 44-օրյա պատերազմը
Քաղաքական
15:32 06/07/2022
Հայաստան

ՔՊ-ական պատգամավորի համար հասկանալի չէ, թե ով էր ղեկավարում 44-օրյա պատերազմը

Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի համար հասկանալի չի, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ով էր ղեկավարում պատերազմը:

«Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չհասկացանք, թե ով էր ղեկավարում պատերազմը, ամեն մեկն իր վրայից գցում էր այդ պատասխանատվությունը և վերջում պարզվեց, որ մեղավորը վարչապետն է։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե Գլխավոր շտաբի պետը դառնում է նախարարի առաջին տեղակալը, պատերազմի դեպքում պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում՝ Գլխավոր շտաբի պետի՞, թե՞ նախարարի», - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարցադրում արեց նա՝ դիմելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Վերջինս ասաց, որ թե գործող, թե նոր օրենքով ու կարգավորումներով յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար, բայց քաղաքական պատասխանատուն, բնականաբար, հանդիսանում է պաշտպանության նախարարը։

«Բայց դա ենթադրում է նաև, որ յուրաքանչյուր անձ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում պիտի այդ լիազորություններն իրացնելու կամք ունենա։

Կան ղեկավար փաստաթղթեր, որոնցով կենսագործման համար թե պաշտպանության նախարարը, թե Գլխավոր շտաբի պետն ունեն պարտականություններ և լիազորություններ», - նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Placeholder