Մեկնարկում է «Խաչմերուկներ 2022․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը
Մշակույթ
09:53 11/07/2022
Հայաստան

Մեկնարկում է «Խաչմերուկներ 2022․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը

Մեկնարկում է «Խաչմերուկներ 2022․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» ամենամյա միջազգային փառատոնը։ Այն այս տարի կանցկացվի հուլիսին և սեպտեմբերին։

Փառատոնի շրջանակում հուլիսի ընթացքում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի երկու համերգ։ Մասնավորապես, հուլիսի 11-ին, ժամը 19։30 համերգասրահում համերգով հանդես կգա դաշնակահար Լուսինե Խաչիկյանը։  Ծրագրում՝ Ջոն Քեյջի Սոնատներ և ինտերլյուդներ դաշնամուրի համար (հայաստանյան պրեմիերա) ստեղծագործությունն է։

Հուլիսի 16-ին, ժամը 19։30 համերգով հանդե կգա «Ասոնանս» անսամբլը՝ դիրիժոր Արթուր Ակշելյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններն են։

Սեպտեմբերին նախատեսվում է ևս երկու համերգ։

Փառատոնի նպատակը համաշխարհային ժամանակակից դասական երաժշտության տարածումն է Հայաստանում։ Այն Հայաստանում միակ ժամանակակից դասական երաժշտության փառատոնն է, որի ընթացքում հնչում են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ծրագիրը ներառում է մի շարք նոր ստեղծագործությունների պրեմիերաներ։

Ամենամյա երաժշտական տոնը կազմակերպում է «Քառորդ Տոն» մշակութային ՀԿ-ն, այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Placeholder