Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո
Սպորտ
17:15 13/07/2022
Հայաստան

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը հուլիսի 25-ից Աբովյանում կսկսվի  ուսումնամարզական հավաքը: Դա տարեվերջին Կոլումբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի կայքի հետ զրույցում գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ մարզաձևում լուրջ խնդիրներ չկան և ծանրորդները գիտեն իրենց անելիքների մասին:

«Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանրքաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ամեն երկիր, հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է երկուական մարզիկ–մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար հերկուլեսներից մեկը կզրկվի մասնակցությունից:

Կարելի է հնարավորություն տալ «ավելորդին», որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում:  Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Արաբական Բահրեյնի  ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ  վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում  հանդես գալու համար:

Ի դեպ,  օլիմպիական խաղերի պարագայում, յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց  և կանանց հինգական  քաշային կարգերում  ներկայացնել ընդամենը երեքական   մարզիկ-մարզուհի»,- ասել է նա:

 

Placeholder