Արևելք-Արևմուտք. Ռիկոտիով նոր ճանապարհի մի քանի հատվածներ կբացվեն արդեն 2022թ-ին
Տնտեսություն
19:34 14/07/2022
Տարածաշրջան

Արևելք-Արևմուտք. Ռիկոտիով նոր ճանապարհի մի քանի հատվածներ կբացվեն արդեն 2022թ-ին

Ռիկոտի լեռնանցքով անցնող ճանապարհի մի քանի հատվածներ կբացվեն այս տարի, նոր արագընթաց մայրուղու շինարարությունն ամբողջությամբ պետք է ավարտվի 2023 թվականին։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Լուրը հայտնում է newsgeorgia-ն։

Նախարարն այսօր այցելել է լեռնանցքում գտնվող շինհրապարակ։ Նա նշել է, որ երկիրը հատող նոր ճանապարհը կնվազեցնի Արևելք-Արևմուտք միջանցքով ճանապարհին ծախսվող ժամանակը: Դա Վրաստանն «առավել գրավիչ» կդարձնի միջազգային փոխադրումների համար և «կենսական» դեր կխաղա երկրի տնտեսական աճում։

Նրա խոսքով նախագիծը դառնում է «էլ ավելի արդիական»՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի և դրանով պայմանավորված տարածաշրջանային լոգիստիկայի համար ի հայտ եկած դժվարությունների պատճառով:

Կարսելաձեն ավտոմայրուղու կառուցումն անվանել է «դարի նախագիծ»՝ հայտարարելով, որ Ռիկոտիի հատվածը «ամենադժվարն ու կարևորն էր»։

Պաշտոնյան նաև հայտնել է, որ տեղում բոլոր թունելների վրա ընթացող աշխատանքները կատարվում են ըստ պլանի: Նրա խոսքով այժմ իրականացվում է «ամենաերկար եզակի մետաղական կամրջի» տեղադրումը։

Ընդհանուր առմամբ Ռիկոտիով ճանապարհի կառուցման համար փորվել է 24 թունել, որոնցից երեքն արդեն շահագործման են հանձնվել։ Նաև 88 կամուրջներից 30-ն արդեն ավարտված են, իսկ դրանցից վեցով արդեն բացվել է երթևեկությունը։

©լուսանկարները Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանն են։



 

Placeholder