«Պողիկտոս»-ը՝ օպերայի բեմում. «Ինչպիսի հոգևոր իմաստություն, խրատ ու պատգամ հնչող խոսքերում՝ մանավանդ մեր օրերի համար»
Մշակույթ
14:57 15/07/2022
Հայաստան

«Պողիկտոս»-ը՝ օպերայի բեմում. «Ինչպիսի հոգևոր իմաստություն, խրատ ու պատգամ հնչող խոսքերում՝ մանավանդ մեր օրերի համար»

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան էր, որը հանդիսատեսի կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց։ 

«Պողիկտոս» անունը հունարենից թարգմանվում է «բաղձալին»։ 

Օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։

Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։

Պաոլինայի դերում հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների եռակի Ոսկե մեդալակիր և երեք «Գրան Պրի»-ների թագակիր Անահիտ Մխիթարյանը, Պողիկտոսի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը, Սեվերոյի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը, Կալիստենի՝ Հայկ Տիգրանյանը։

«Պողիկտոս» օպերայի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է. 

«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրադարձություն էր. ներկայացվեց «Պողիկտոս» օպերան՝ քրիստոնյա հայ ազնվականի վկայաբանության գեղարվեստական արարը: Ինչպիսի՜ հոգեպարար երաժշտություն, ինչպիսի՜ հոգևոր իմաստություն, խրատ ու պատգամ հնչող խոսքերում՝ մանավանդ մեր օրերի համար:

Այս սքանչելի ստեղծագործությունն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու ընծան է հայ մշակույթին և Ազգին՝ 1700-ամյակի Մեծ հոբելյանի առիթով:

Եվ այս հոգևոր-մշակութային իրադարձությունը պարտ է միշտ լինի օպերային ազդագրում՝ ներկայանալով ամենաբարձր արվեստով:

Եվ ամեն մի հայ քրիստոնյա հոգու պարտք ունի իր կարևոր ներկայությամբ սատարելու այս նվիրական ներկայացմանը»:

Նշենք, որ դեռևս 1993-ին է ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լևոնյանը Երևանի օպերային թատրոնում բեմադրել «Պողիկտոսը»։

Լուսանկարները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի էջից։ 

 

Placeholder