«Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները
Մշակույթ
09:30 18/07/2022
Հայաստան

«Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվել է  փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։

«Արծաթե ծիրան» է ստացել Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։

Պետեր վան Բյուրենի անվան Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Քուրդուին Այուբի «Արևը», «Արծաթե ծիրանի»՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։

Հատուկ հիշատակման է արժանացել Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։

FIPRESCI մրցանակ է ստացել Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը։

«Արծաթե ծիրան» է ստացել Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը։ 

Հատուկ հիշատակման է արժանացել Ահմադ Սալեհի «Գիշերը»։

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ ստացել է Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատեսը» (լավագույն հայկական կարճամետրաժ):

«Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ է ստացել Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից  են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։

Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդել է Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։ Երբ Արցախի չճանաչված հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանը ապաստան է գտնում և սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է 44-օրյա Արցախյան պատերազմի մի ամբողջական և բազմաշերտ պատմագրություն։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի է ունեցել հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրել է մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն էր։ Փառատոնը անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։

Placeholder
«Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները