Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսուհետ կատարվելու են լյարդի մասնահատման վիրահատություններ
Առողջություն
17:52 19/07/2022
Հայաստան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսուհետ կատարվելու են լյարդի մասնահատման վիրահատություններ

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է կենտրոնի համար բացառիկ՝ լյարդի մեծ ծավալով մասնահատում՝ բաց եղանակով: Վիրահատության ժամանակ հեռացվել է լյարդի մոտ 35 տոկոսը (3 սեգմենտ՝ հարակից հյուսվածներով)։
Ուռուցքը պատել էր նաև մի քանի խոշոր լյարդային անոթներ, որոնք վիրահատության ժամանակ հատվել և փակվել են։

Կենտրոնի ասարակայնության հետ կապերի և զարգացման բաժնի փոխանցմամբ,  ՈւԱԿ-ի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ղեկաավար Հմայակ Եփրեմյանի խոսքով՝ նման ծավալի վիրահատություն ՈւԱԿ-ում առաջին անգամ է կատարվել։

2019 թվականին  60 տարեկան պացիենտի մոտ Ռուսաստանում ախտորոշվել է հաստ աղու վերին հատվածի ուռուցք, որը հեռացվել է։ 2022 թվականին Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական կենտրոնում հիվանդի  մոտ ախտորոշվել է լյարդի գոյացություն, ինչից հետո նա վերադարձել է Հայաստան և դիմել Ուռուցքաբանության ազգային կենտրոն։

ՈւԱԿ-ի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետիք Պետրոսյանի ներկայացմամբ՝ ուռուցքը բավականին մեծ չափեր ուներ՝ 10x9 սմ, և զբաղեցնում էր լյարդի աջ կեսի մեծ մասը։ ՈւԱԿ-ի բժիշկները, գնահատելով պացիենտի վիճակը, որոշեցին կատարել լյարդի մասնահատում։ Մեծ ծավալի պատճառով մասնահատումը կատարվեց բաց եղանակով, բայց հնարավորության դեպքում ՈւԱԿ-ում լյարդի մասնահատումները կկատարվեն նաև լապարոսկոպիկ եղանակով։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները և ներդնել նոր ուղղություններ, որոնցից մեկը լյարդային վիրաբուժությունն է։ Կենտրոնում արդեն իսկ իրականացվում էին լյարդի բիոպսիաներ, լեղածորանների դրենավորումներ, լյարդային անոթների էմբոլիզացիա, ներորովայնային քիմիաթերապիա, միկրոալիքային աբլյացիա և այլ բուժական միջամտություններ։ Լյարդի մասնահատումների հնարավորության ավելացմամբ՝ ամբողջանում է լյարդային վիրաբուժության ծառայությունը:

Placeholder