Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
20 ծնունդ, 31 նոր հղիություն պատերազմում զոհվածների ընտանիքներում
Առողջապահության նախարարության Անպտղության հաղթահարման ծրագրին դիմող շահառուների թիվը տարետարի ավելանում է։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։
Նրա խոսքով՝ այս տարվա առաջին կիսամյակում ծրագրի շրջանակում ծնվել է 44 երեխա, բացի այդ, 6 ամիսներին գրանցվել է 104 նոր հղիություն:
Նունե Փաշայանը հայտնեց, որ 2021 թ-ին սպասարկվել է 917 շահառու, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 577 շահառու:
Նշվեց նաև, որ ծրագրի շրջանակում իրականացվում են անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում, մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ, ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում, արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, իսկ բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50% մասնակցությամբ։
Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիության կրելուն: Հաջորդ խումբը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են, ինչպես նաև զինծառայողներն ու զինծառայողներին հավասարեցված անձինք: Շահառու կարող են դառնալ նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները։
Վարչության պետը հայտնեց, որ 2022 թվականին կատարվել է փոփոխություն, որի համաձայն, ծրագրին կարող են դիմել նաև դատական կարգով անհայտ կորած ճանաչվածների և 44-օրյա պատերազմից հետո շփման գծում զոհված զինվորների ծնողները:
Նունե Փաշայանի խոսքով՝ զոհված տղաների ծնողների դիմելիությունը գնալով շատանում է, քանի որ մարդիկ համոզվում են, որ արդյունք կա։
Ընդհանուր առմամբ, արտամարմնային բեղմնավորման արդյունքում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում ծնվել է 20 երեխա, այս պահին գրանցված է 31 նոր հղիություն։