Թուրքիայի ԶՈւ-ի հրետակոծության հետևանքով Իրաքում զբոսաշրջիկներ են զոհվել
Տարածաշրջան
12:39 21/07/2022
Տարածաշրջան

Թուրքիայի ԶՈւ-ի հրետակոծության հետևանքով Իրաքում զբոսաշրջիկներ են զոհվել

Հուլիսի 20-ին Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել են:

Էրմենիհաբերը գրում է, որ հրետակոծությունը տեղի է ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկում: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են:

Թուրքիան  հերքել է Իրաքի կողմից հնչող այն մեղադրանքները, ըստ որի՝  հարձակումը իրականացրել են թուրքական զինված ուժերը, փորձելով հարձակման մեղքը բարդել քուրդ զինյալների վրա, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ:

Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որում մասնավորապես ասվում է.

«Մենք Իրաքի կառավարության պաշտոնյաներին կոչ ենք անում ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցության տակ հայտարարություններ չանել և համագործակցել այս ցավալի միջադեպի իրական մեղավորներին բացահայտելու համար»:

Միևնույն ժամանակ համացանցի թուրքական և արաբական տիրույթում տարածվել են հրետակոծության կադրերը, որոնք լայն արձագանք են գտել:

Թեմային արձագանքել է նաև Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին իր Twitter-ի էջում:
Նա երկրում հայտարարել է սուգ և տեղեկացրել, որ պաշտոնական Բաղդադը հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Միևնույն ժամանակ տեղեկություններ կան , որ Բաղդադում, այդ թվում՝ թուրքական դեսպանատան դիմաց տեղի են ունենում Թուրքիայի դեմ բողոքի ակցիաներ:

 

 

Placeholder