Քննարկվել են 2023թ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները
Սպորտ
20:11 22/07/2022
Հայաստան

Քննարկվել են 2023թ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները

Մայրաքաղաքի Օլիմպավանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստ: Կազմակերպության նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հրավիրել էր նաև մարզաձևի մի շարք մասնագետների: Լուրը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Մարզական տարվա կիսամյակի արդյունքների մասին հաշվետվությամբ հանդես եկան տարիքային տարբեր խմբերի հավաքականների մարզիչները: Երվանդ Կիրակոսյանը / պատանեկան հավաքական /, Մելիք Ղուկասյանը / երիտասարդական/, Արտաշես Ներսիսյանը / կանանց / և Փաշիկ Ալավերդյանը / ազգային հավաքական / ներկայացրեցին անցկացրած ուսումնամարզական հավաքների, մրցումների, մրցուղերթների ընթացքը և արդյունքները: Լուրջ խնդիրներ չկան, բայց մտահոգող հարցեր, այնուամենայնիվ, կան, որոնք բարդ չեն և լուծելի են:

Թերևս բոլորի ուշադրությունը սևեռված է հայոց մայրաքաղաքում հաջորդ մրցաշրջանում անցկացվելիք  ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքների վրա, մի մրցաշար, որը նաև օլիմպիական վարկանիշային է: Նպատակը մեկն է. հաջողությամբ կազմակերպել - անցկացնել պաշտոնական այդ ստուգատեսը և նպաստել  մեր ծանրորդների ելույթներին:

Արդյունավետ գործընթաց կազմակերպելու համար պետք առավել բռունցքվեն երկաթախաղի մեր մասնագետները, մարզիկները, մյուս պատասխանատուները և այլոք:

Ընդհանրապես  վերլուծվեց, ծանրութեթև արվեց, ծավալուն խոսք ու զրույց գնաց  հետագա անելիքների,  բարձրացված տասնյակ հարցերի շուրջ:

Նիստն ընթացավ գործնական, առողջ մթնոլորտում: Հաճելի էր և  այն, որ գործընկերները միմյանց լսում, գնահատում էին: Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հորդորով քննարկվող հարցերի շուրջ կարծիք հայտնեցին գրեթե բոլոր ներկաները, հաստատելով  միասնության ու համերաշխության արժեքը: Ահա թե ինչն է ընկած Հայաստանի ծանրամարտի մերօրյա   հաջողությունների հիմքում:

Մրցաշրջանի դեռևս կեսն է ավարտվել, իսկ մեր ծանրորդները միջազգային պաշտոնական ասպարեզներում իրենց հաշվին արդեն գրանցել են տարբեր ձուլվածքի  33 մեդալ:

Placeholder