Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները քանի դեռ ՀԳՀԾ-ն չի գործել
Քաղաքական
15:26 25/07/2022
Տարածաշրջան

Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները քանի դեռ ՀԳՀԾ-ն չի գործել

Թեհրանը չի ակտիվացնի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների աշխատանքը, որոնք օգտագործվում են իրանական միջուկային օբյեկտների մոնիտորինգի համար, քանի դեռ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) գործընկերները չեն վերականգնել այս համաձայնագիրը: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հայտնել են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը։

«Մենք չենք միացնի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները, քանի դեռ մյուս կողմը չի վերադարձել միջուկային գործարքը իրականացնելու համար»,-ասել է Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին իր հերթին քննադատել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «ոչ պրոֆեսիոնալ, անարդար և ոչ կառուցողական հայացքների համար»։

Նա նաև ասել է, որ Իրանը հուսով է շուտափույթ վերականգնել ՀԳՀԾ-ն։

«Իրանը հավատարիմ է բանակցություններին և կշարունակի նույն ոգով, մինչև լավ և հուսալի գործարք ձեռք բերվի», - ընդգծել է Քանաանին:

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ հունիսին Թեհրանը տեղեկացրել էր ՄԱԳԱՏԷ-ին, որ անջատել է գործակալության սարքավորումները, այդ թվում՝ 2015 թվականին տեղադրված 27 տեսախցիկը։ Իրանի նման քայլերը հաջորդեցին այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հաստատեց բանաձևը, որը քննադատում էր Իրանին՝ միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկատվության անբավարար բացահայտման համար: Խորհրդի 30 անդամներ աջակցել են բանաձևին, սակայն երկուսը՝ Ռուսաստանը և Չինաստանը, դեմ են քվեարկել փաստաթղթին։ Հնդկաստանը, Լիբիան և Պակիստանը ձեռնպահ են մնացել։

2015 թվականին Իրանը և «վեցնյակի» միջնորդ երկրները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան, կնքեցին ՀԳՀԾ համաձայնագիր, որի համաձայն Թեհրանը պետք է սահմանափակի իր միջուկային ծրագրի զարգացումը բացառապես խաղաղ նպատակներով՝ միջազգային և միակողմանի պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Placeholder