Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան Ավետիքի եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ
Քաղաքական
13:20 25/07/2022
Հայաստան

Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան Ավետիքի եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ

«Արդեն 75 օր է, ինչ Ավետիքն ապօրինի կալանավորված է և այդ ամբողջ ընթացքում  հնարավորություն չի ունեցել մասնակցել ընտանիքի կյանքին՝ մեր 4 երեխաներից երկուսի և ծնողների ծննդյան օրերն է բաց թողել»,- հրավիրված ասուլիսում հայտնեց Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը:

Չնայած այդ ամենին, ըստ Ադամյանի, Ավետիք Չալաբյանն ուժեղ է և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել:

Ավետիք Չալաբյանի ուղերձում, որն ընթերցեց  նրա կինը, հեղինակը հայտարարում է, որ արդեն 2.5 ամիս է, ինչ գտնվում է երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդի կարգավիճակում։

«Եթե այս ամենի սկզբում կասկածներ կարող էին լինել կատարողի էության մասին, ապա հիմա փաստերն ակնհայտ են դարձնում իմ և արդեն ընտանիքիս հետ տեղի ունեցող հաշվեհարդարը։ Պլանավորված սադրանք՝ ապօրինի ձայանգրությամբ, մոնտաժով և իշխանամետ կայքով այն շրջանառելով, փորձելով հասարակության աչքերում ինձ վարկաբեկել»,-գրում է Չալաբյանը:

Նա հայտնում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է, կալանքի որոշումը` օրենքի խախտումներով։

«Համախմբում» շարժման անդամը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ, ինչը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո։

Չալաբյանի խոսքով` բռնության ալիքը հնարավոր է կանգնեցնել հասարակության՝ սեփական իրավունքների համար միասնական պայքարի միջոցով:

Նա հայտարարում է, որ  եթե չեն ցանկանում դառնալ Հայաստանում գործող վարչակարգի հերթական զոհը, պետք է մի կողմ թողնել երկմտանքը և անտարբերությունը, միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման, անկախ դատարանների և արդարադատության համար։

«Այս պայքարն անավարտ է, քանի դեռ վարչակարգի կամակատարները կարող են անմեղ մարդկանց սպանել և մնալ ազատության մեջ: Բազմաթիվ ճակատագրեր կործանել, միմյանց հետ հանցավոր համաձայնությամբ գործելով քրեական գործեր կարել և առանց օրինական դատավճռի բազմաթիվ մարդկանց պահել անազատության մեջ»,-գրում է Ավետիք Չալաբյանը:

Շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր այս ընթացքում կանգնած են եղել իր ընտանիքի կողքին՝ կալանավորված քաղաքական գործիչն ասում է՚ «Վստահեցնում եմ ձեզ, որ շարունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական ավարտ` հանուն հայրենիքի ազատության»։
 

Placeholder
Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան Ավետիքի եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ