Սպառողական շուկայում մեկ տարում արձանագրվել է 10.3% գնաճ
Տնտեսություն
16:15 26/07/2022
Հայաստան

Սպառողական շուկայում մեկ տարում արձանագրվել է 10.3% գնաճ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 111.8%։ Մայիս ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 17%, իսկ հունիսի ՏԱՑ-ը  նախորդ տարվա հունիսի նկատմամբ նվազել է 18.5%-ով:

Վիճակագրության համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 5.8%-ով, իսկ 2021թ-ի հունիսի համեմատ՝ 19%-ով:

Շինարարության ոլորտում այս տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 12.7%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 14.8%-ի աճ։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում ոլորտում գրանցվել է 5.5% անկում։

Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալն էլ հունվար-հունիսին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.7%-ով, ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի)՝ 26.9%-ով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա առաջին կիսամյակում գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.1%-ով, իսկ 2021 թ-ի հունիսի համեմատ՝ 10.3%-ով։

Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում էլ հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 44%-ի աճ, մասնավորապես՝ արտահանումն ավելացել է 36.3%-ով,  ներմուծումը՝ 48.7%-ով:

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն արդեն տևական ժամանակ է հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չի հրապարակում, սակայն նախկինում ամեն ամիս մակրոտնտեսական ցուցանիշներում այս տվյալները ներառվում են։

Placeholder