Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երախտապարտ կլինեմ, եթե մեկ շաբաթով հետաձգվի դատական նիստը, հնարավորություն ունենամ վերականգնել առողջությունս. Չալաբյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր կրկին հետաձգվեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը՝ նրա վատառողջ լինելու հիմքով։
Ա.Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը նախ հիշեցրեց, որ անցած նիստին իր պաշտպանյալը չէր ներկայացել, կալանավայրից բուժմասի տեղեկանքի համաձայն ուներ զարկերակային բարձր ճնշում և տաքություն։
«Հուլիսի 27-ին կալանքից ազատվելուց հետո Չալաբյանին ուղեկցել ենք բժշկական կենտրոն, այդ պահից սկսած անընդհատ բժշկական հսկողության ներքո է, այսօր հերթական այցի ժամանակ բժիշկներն ախտորոշել են հիպերտոնիկ կրիզ, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, ստուգման ժամանակ ճնշումը եղել է 170-100»,- ասաց պաշտպանը։
Հաշվի առնելով Ա.Չալաբյանի առողջական վիճակը, առաջարկել են նրան, Վ.Հարությունյանի խոսքով, դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ դիմել դատարանին, սակայն նա արգելել է դա անել՝ պնդելով, որ պետք է մասնակցի դատական նիստին։
«Սակայն Չալաբյանի համաձայնությամբ պարտավոր ենք դատարանին ներկայացնել միջնորդություն ու խնդրել գնահատման առարկա դարձնել առողջական վիճակը։ Եթե դատական նիստը նման պայմաններում շարունակելը խիստ կարևոր է, բխում է արդարադատության շահից, թող դատարանը որոշի, եթե չէ, հերթական մի օր նշանակվի դատական նիստը, այս ընթացքում փորձի վերականգնել իր առողջությունը, որը կորստի է մատնվել կալանավորման 2,5 ամսվա ընթացքում»,- նշեց Վ.Հարությունյանը։
Ա. Չալաբյանն ասաց, որ մի քանի տարի է ունի զարկերակային հիպերտենզիա 1-ին աստիճանի, կալանավորման վերջին շրջանում հիպերտենզինան սրվել է, դեղամիջոցները, որոնք ընդունում էր, արդեն բավարար չէին զարկերակային ճնշման տատանումները կանխելու համար։
«Առավոտյան գնացել եմ բժշկի, զարկերակային ճնշումը շատ բարձր է, բժիշկներն ախտորոշեցին դա որպես հիպերտոնիկ կրիզ։ Իմ պարտքն եմ համարում ներկայանալ դատական նիստերին, բայց հիմա իմ սրտի ծակոցները զգում եմ։ Անկեղծ ասած, երախտապարտ կլինեմ, եթե մեկ շաբաթով հետաձգվեին դատական լսումները, ես հնարավորություն ունենայի վերականգնել առողջությունս»,- ասաց Ա. Չալաբյանը։
Դատավոր Մ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատական նիստը մեղադրյալի վատառողջ լինելու հետ կապված հետաձգվում է, նշանակում օգոստոսի 1-ին ժամը 14։00-ին։
Դատական նիստին ներկա էր նաև հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Վ. Հարությունյանը փոխանցեց Չալաբյանի խոսքը, որ առարկում է հանրային պաշտպան ներգրավելուն, և առաջարկեց հանրային պաշտպանին գործի որևէ նյութ չուղարկել։
Դատավորն ասաց, որ հանրային պաշտպանի ներգրավաման հետ կապված մեղադրյալի հրաժարվելը որևէ նշանակություն չի կարող ունենալ, ուստի նյութերը կուղարկվեն։