Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հայտարարել է կապիկի ծաղիկի պատճառով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նախօրեին հաղորդվել էր, որ նահանգի պաշտոնյաները հայտարարել են կապիկի ծաղիկը «անմիջական սպառնալիք» հանրային առողջության համար դեպքերի աճող թվի ֆոնին։
«Ես նահանգում արտակարգ դրություն եմ հայտարարում, որպեսզի ուժեղացնենք վիրուսի բռնկումը վերահսկելու մեր շարունակական ջանքերը: Այս հրամանը թույլ է տալիս մեզ ավելի արագ արձագանքել և առողջապահության ոլորտի մասնագետներին հնարավորություն է տալիս լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ օգնելու ավելի շատ նյույորքցիների պատվաստմանը», - գրել է նահանգապետը Twitter-ում:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ում կապիկի ծաղիկ հիվանդության յուրաքանչյուր չորրորդ դեպքը բաժին է ընկնում Նյու Յորք նահանգին:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) վերջին տվյալների համաձայն՝ երկրում հայտնաբերվել է վարակի 5189 դեպք, որից 1345-ը՝ Նյու Յորքում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում ևս արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի վարակի տարածման հետ կապված։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև: Սովորաբար մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: