Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությանը պաշտպան Վարազդատ Հարությունյանը վարույթը կարճելու մասին միջնորդություն ներկայացրեց։ Պաշտպանը նշեց, որ ֆորմալ առումով քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողի զեկուցագիրը, որում նշված էր, թե համացանցում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու ընթացքում նկատել է «Medianews» լրատվական կայքում հրապարակված ձայնագրությունը, մինչդեռ, ըստ պաշտպանի, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ չի կարող քրեական հետապնդում հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե վարույթը նախաձեռնվել է օրենսգրքով չնախատեսված աղբյուրի հիման վրա։
Ըստ պաշտպանի, Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման համար հիմք է հանդիսացել «ֆեյք», իշխանական լրատվամիջոցում հրապարակված մոնտաժված ձայնագրությունը։ Նրա խոսքով, Իշխանական պրոպագանդայով զբաղվող լրատվամիջոցը «ֆեյք» է, քանի որ չի համապատասխանում ԶԼՄ-ների մասին օրենքով սահմանված կարգավորումներին, համաձայն որի՝ էլեկտրոնային լրատվամիջոցը պետք է պարունակի մի շարք տեղեկություններ։
«Ստացվում է, որ Ավետիք Չալաբյանի՝ որպես քաղաքական գործչի, նրա մասնակցությամբ իրականացվող քաղաքական գործընթացները, մասնավորապես, վերջին ամիսներին Հայաստանում իշխանափոխության պահանջով հանդես եկող «Դիմադրություն», «Համախմբում» շարժումների գաղափարական, ֆունկցիոնալ, նպատակային հիմնասյուները խարխլելու, քանդելու համար իրականացվել է այս ֆաբրիկացված ձայնագրությունը, որն իրենից ենթադրում է ձայնագրության մոնտաժ, որն իրականացվել է, օրինակ, հատուկ ծառայությունների միջոցով, տրվել է բացառապես իշխանական պրոպագանդայով հայտնի ֆեյք լրատվամիջոցին, ձևական առումով քրեական գործի հարուցման օրինականություն ապահովելու համար ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության վարչության ավագ տեսուչ Ս. Սարգսյանը փաթեթավորված այս ամբողջ պրոդուկտը հանձնել է զեկուցագրի տեսքով և ուղարկել Քննչական կոմիտե»,- մանրամասնեց Վ. Հարությունյանը։
Պաշտպանության կողմը հայտարարեց է, որ, ըստ մի լրագրողական հետաքննության արդյունքների, «Medianews» լրատվական կայքը պատկանում է կամ շատ հավանական է, որ պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, իսկ նախաքննության իրականացվող մարմին ը ջանք չի գործադրել իրենց կողմից ներկայացված փաստերը ստուգելու վերաբերյալ։
Ավետիք Չալաբյանն իր հայտարարության մեջ նշեց, որ նախաքննական մարմինը հանցավոր անգործություն է ցուցաբերել, որևէ գործողություն չի կատարել՝ ձայնագրության ամբողջական տարբերակը ձեռք բերելու համար, ավելին՝ ծանացագիր է ուղարկվել կայքի խմբագրին՝ հարցաքննության համար, սակայն նա չի ներկայացել, նախաքննական մարմինը փակել է նախաքննական վարույթը։
«Եթե այդ տեղեկատվությունը կարևոր է, ինչո՞ւ հետամուտ չեք լինում տեղեկատվությունը ստանալու համար։ Շատ պարզ պատճառով։ Հարգելի պետական մեղադրողը հայտարարեց, որ գործը քաղաքական ենթատեքստ չունի։ Որովհետև պարզ էր դառնալու, թե ով է ձայնագրությունն արել, ինչ նպատակով, գնալու էր, հասնելու մինչև պատվիրատուն, իսկ մենք գիտենք, թե ով է պատվիրատուն՝ նստած է վարչապետի աթոռին»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Հանրային մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն ենթակա է մերժման։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի, լսելով կողմերին, մերժեց վարույթը կարճելու միջնորդությունը