Օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդակիր հայաստանցին ստացավ վկայականը
Սպորտ
11:52 30/08/2022
Հայաստան

Օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդակիր հայաստանցին ստացավ վկայականը

Սքայբոլ ավիաընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանին երեկ հանդիսավոր միջոցառման ժամանակ  հանձնվեց օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդ սահմանելու վերաբերյալ վկայական։ Այն տրամադրում է Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիան։

Փետրվարի 16-17-ին Սքայբոլ ավիաընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանի և Ռուսաստանի Օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի կողմից իրականացվել է օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի՝ 34 ժամ 39 րոպե տևողությամբ թռիչք:

Վերջինս ներկայացվել էր Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիային՝ որպես համաշխարհային ռեկորդ գրանցելու համար:

Մի քանի ամիս տևած դիտարկումներից հետո Ֆեդերացիայի կողմից տրվել է դրական եզրակացություն, և առաջին անգամ Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիան գրանցել է Հայաստանի կողմից իրականացված համաշխարհային ռեկորդ:

Թռիչքից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում Նաիրի Բարսեղյանը պատմել է թռիչքի ընթացքում առաջացած դժվարություններից ու խնդիրներից։

«Սկզբում քամին բավականին թույլ էր, շատ դանդաղ էինք շարժվում՝ 1-2 կմ/ժ արագությամբ, բայց վայրէջքի պահին բավականին ուժեղ քամի եղավ, սպորտային վայրէջք ենք ունեցել: Ընթացքում գազի դատարկ բալոնի հետ պատահաբար կտրել ու ներքև ենք ուղարկել լիքը լցվածը։ Մինչդեռ գազի ծավալը՝ անգամ 1-2 լիտրը շատ կարևոր էր։ Ընդհանուր ունեցել ենք 2300 լիտր գազ։ Սկզբում մտածում էինք դադարեցնել թռիչքը, որովհետև մտածում էինք՝ անհնար էր ռեկորդը սահմանել։ Միակ տարբերակն այն էր, որ ամբողջ գիշեր պետք է ցածր թռնեինք»։

Նախորդ ռեկորդային թռիչքը տևել էր 32 ժամ 12 րոպե։








Placeholder
Օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդակիր հայաստանցին ստացավ վկայականը