Այլընտրանքային նախագծեր խումբ. Որևէ մեկը չպետք է զգա, որ ինքը մենակ է
Քաղաքական
16:52 31/08/2022
Հայաստան

Այլընտրանքային նախագծեր խումբ. Որևէ մեկը չպետք է զգա, որ ինքը մենակ է

Այլընտրանքային նախագծեր խումբն անդրադարձել է քաղաքական-հասարակական գործչ Ավետիք Չալաբյանի որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման հետաձգմանը.

«Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի։

Այն, որ ընդհանուր իրավասության դատարանի հանրահայտ դատավորը կարող էր մեկ շաբաթ ազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կալանավորման ապօրինի որոշում կայացնել, որևէ մեկին չզարմացրեց։ Բոլորն են ճանաչում դատավորին, և գիտեն, որ այս դեպքում նույնիսկ իշխանության հրահանգ անհրաժեշտ չէ, ամեն ինչ արվում է իշխանությանը գոհացնելու համար։

Սակայն վերաքննիչ դատարանի որոշումը՝ հետաձգել վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը, այն դեպքում, երբ նույնիսկ մեղադրանքը պաշտպանող դատախազները կալանք չեն պահանջում, խոսում է մեկ բանի մասին՝ դատավորը չի ստացել պատշաճ հրահանգները։
Վերաքննիչ դատարանի որոշման պատճառն արդյոք այն չէ, որ հրահանգ իջեցնողը բացակայում է հանրապետությունից, գտնվում է Բրյուսելում։

Կարելի է հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Չալաբյանի գործի և կալանքի անհեթեթությունը, սակայն դատարանին դա վստահաբար չի հետաքրքրելու՝ մինչև հրահանգ իջեցնողի վերադարձը։ Եվ դատավորը շարունակելու է գործել այնպես, ինչպես կգործեր սովորական գրպանահատի դեպքում։

Մնում է միայն փաստել, որ Հայաստանում անորոշ ժամկետով և առանց բավարար հիմքերի ու պատճառաբանության հետաձգվել է արդարադատությունը։ Իսկ դա վտանգում է հանրային ներքին մթնոլորտը։

Իսկ քանի դեռ շարունակվում են անօրինականությունները, պետք է կազմակերպել հանրային լուրջ աջակցություն։  Ապօրինություններով անցնող որևէ մեկը չպետք է զգա, թե ինքը մենակ է»։

Placeholder