Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» երրորդ համաժողովը
Կրթություն, գիտություն
19:01 02/09/2022
Հայաստան

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» երրորդ համաժողովը

Սեպտեմբերի 2-ին, ժամը 09:40-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը:

Համաժողովի կազմակերպիչները նշում են՝ շատերի կողմից սիրված և սպասված համաժողովն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 2-3-ը և արդեն երրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։

«Դատաֆեստ Երևան» համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։

«Այս տարի նկատվում է մարդկանց ավելի մեծ հոսք, ավելի շատ մարդիկ են հետաքրքրություն ցուցաբերել, կրկնակի շատ մասնակիցներ են գրանցվել: Արհեստական բանականության և տվյալագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծ թափ է առել: Այն նկատելի է դառնում խոսնակների քանակի, ինչպես նաև հովանավոր ընկերությունների քանակի աճից: Անցյալ տարի 3 լսարան էինք հատկացրել ելույթների համար, սակայն այս տարի ունենք 4 լսարան բոլոր ելույթները էլ ավելի հասանելի դարձնելու համար»,- նշում է «Դատաֆեսթ Երևան» համաժողովի համակազմակերպիչ Զավեն Նավոյանը։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Շվեյցարիայից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Սաուդյան Արաբիայից, Իռլանդիայից և այլն։ Համաժողովի շրջանակում ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, eBay, NVIDIA և այլն, ներկայացրել են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

Համաժողովի ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ համաժողովի կայքում։
 

Placeholder