Կրթական նպատակներով տարկետման տրամադրման տարիքը սահմանել 28. ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
16:45 05/09/2022
Հայաստան

Կրթական նպատակներով տարկետման տրամադրման տարիքը սահմանել 28. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվեց  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը:
Լրագրողների հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ առաջարկվում է երկու փոփոխություն՝ ընդլայնել կրթության նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հնարավորություններ և զորակոչի տարիքային շեմը 27-ից դարձնել 28:

«Եթե կրթական նպատակներով տարկետումը տրամադրվել է  և անձը հասել է  27 տարեկանի,  նրա բանակ զորակոչվելու տարիքը սահմանել 28, այսինքն մեկ տարի ավելացնել։   27 տարեկան սահմանափակումը խորհրդային  շրջանից է գալիս, այն ժամանակ դպրոցը 10 տարի էր։ Հիմա, երբ 12  տարի դպրոցն է, այնուհետև 4 տարի բակալավարիտ, 2 տարի մագիստատուրա, 3  տարի ասպիրանտուրա, ստացվում է այնպես, որ  27-ի շեմին ասպիրանտը զորակոչվում է բանակ,  առաջանում են արհեստական խոչընդոտներ դիսերտացիան լիարժեք պատրաստելու համար, տարբեր արհեստական լուծումներ էին տրվում։ Դա կանխելու համար մենք  ընտրեցինք շատ բնական մոտեցում, որ այդ ուսանողների համար սահմանվի 28 տարի»,- մանրամասնեց նախարարը։

Մյուս կետով առաջարկվում է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվել նպատակային ուսուցում։

«Այսօր տարկետում է  տրվում նշանակալի նվաճումների համար, տրվում է կոնկրետ անձի։ Առաջարկում ենք որոշ գերակա ուղղություններով, որոշ բուհերի, որոշ մասնագիտությունների տրամադրել որոշ քանակի տեղեր տարկետում տալու համար՝ լինի բակալավրիատ, լինի մագիստարտուրա, լինի ասպրիանտուրա։ Խիստ սահմանափակ տեղեր կլինեն ըստ անհրաժեշտության և կարիքների։ Իսկ անհրաժեշտությունը, կարիքները, գերակա ուղղություններն ամեն տարի կառավարությունը կոնկրետ այդ տարվա իրավիճակով կորոշի։ Քանակը պետք է համաձայնեցվի պաշտպանության նախարարության հետ»,- ասաց Դումանյանը։

Նրա խոսքով, այս փոփոխության հիմնական նպատակը կրթության անընդհատության ապահովումն է։  

Placeholder