Ճապոնիայի պետական բյուջեից մոտ 11,7 մլն դոլար կհատկացվի Աբեի հուղարկավորության համար
Աշխարհում
10:37 06/09/2022
Աշխարհ

Ճապոնիայի պետական բյուջեից մոտ 11,7 մլն դոլար կհատկացվի Աբեի հուղարկավորության համար

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության ծախսերի ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 1,65 մլրդ իեն (շուրջ 11,7 մլն դոլար): Այս մասին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ միջոցառման պաշտպանությունն ապահովելու համար կուղղվի մոտ 800 մլն իեն (5,7 մլն դոլար), մոտ 600 մլն իեն (4,2 մլն դոլար)՝ օտարերկրյա հյուրերի հյուրընկալությանը և կացարանին։ Արարողությունը Ճապոնիայի բյուջեին կարժենա մոտ 250 մլն իեն (մոտ 1,78 մլն դոլար):

Այսպիսով, Աբեի պետական հուղարկավորության ծախսերի ընդհանուր գումարը կկազմի շուրջ 1,65 մլրդ իեն (11,7 մլն դոլար):

«Մենք կշարունակենք հանգամանորեն պարզաբանումներ ներկայացնել Ճապոնիայի ժողովրդին այդ հարցի վերաբերյալ, ակնկալում ենք, որ նրանք ըմբռնումով կմոտենան», - հավելել է Մացունոն:

Արարողությանը մասնակցելու համար, նրա խոսքով, ժամանելու են շուրջ 50 օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ։

Հիշեցնենք, որ Սինձո Աբեն հարձակման էր ենթարկվել հուլիսի 8-ին, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ 41-ամյա Տեցույա Յամագամին ինքնաշեն զենքից երկու անգամ կրակել է նախկին վարչապետի վրա։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա առաջին կրակոցն արձակել է 7 մ հեռավորությունից, որից մոտ երկու-երեք վայրկյանում Աբեին մոտեցել է և արձակել երկրորդ կրակոցը, որը դարձել է մահացու։

Աբեն հիվանդանոց է տեղափոխվել փրկարարական ուղղաթիռով։ Բժիշկները նրան արյուն են ներարկել ու մի քանի ժամ պայքարել նրա կյանքի համար, սակայն փրկել չի հաջողվել։ Աբեն 67 տարեկան էր։
 

Placeholder
Ճապոնիայի պետական բյուջեից մոտ 11,7 մլն դոլար կհատկացվի Աբեի հուղարկավորության համար